Արցախյան շարժում

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։

1980–ական թվականների սկզբին խորհրդային համակարգը սպառեց զարգացման հնարավորությունները: Խորհրդային Միությունն իր հումքային հսկայական պաշարներով, աշխատասեր և ինքնազոհ բնակչությամբ սկսում էր մեծ չափերով հետ մնալ Արևմուտքից: Օրեցօր ակնհայտ էր դառնում, որ բարեփոխումների համար անհրաժեշտ է թարմացնել երկրի ղեկավարությունը:

Վերակառուցումը հռչակվեց ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից, որը երկրի ղեկավար դարձավ 1985 թ․ մարտին։ Գորբաչովը և իր համախոհները հասկանում էին, որ երկիրը մտել է փակուղի և պարզ չէր, թե ինչպես դրանից դուրս գալ։ Ընտրվեց սոցիալիզմը կատարելագործելու ճանապարհը։ «Վերակառուցում», «նոր մտածողություն» և «արագացում» կարգախոսները դարձան Գորբաչովի ընտրած բարեփոխումների քաղաքականության հիմքը։ Առաջադրվեց նոր հայեցակարգ՝ ստեղծել սոցիալիզմի ժողովրդավարական տարաձև, այսպես կոչված՝ «սոցիալիզմ՝ մարդկային դեմքով»։

1988 թ․ հռչակվեց իրավական պետության ստեղծման գործընթացը։ Թեպետ պետությունը պետք է մնար սոցիալիստական, այնուամենայնիվ հիմնվելու էր օրենքի և համամարդկային իրավունքի վրա։

  • Ի՞նչը նպաստեց Արցախյան շարժման սկզբնավորմանը։ Ե՞րբ է սկսվել շարժումը և ո՞ր իրադարձությամբ։ Ղեկավար ի՞նչ մարմին և ե՞րբ ստեղծվեց, ո՞վքեր էին դրա առաջին անդամները։

Գորբաչովյան վերակառուցման քաղաքականության շնորհիվ արցախահայերն ավելի համարձակ սկսեցին պայքարել Լեռնային Ղարաբաղի անկախացման համար։ 1988 թ․ փետրվարի 20-ին հրավիրվեց ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջան։ Կայացվեց պատմական որոշում «Ընդառաջելով ԼՂԻՄ–ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խոր ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և ԼՂԻՄ–ը Ադրբեջանական ԽՍՀ–ի կազմից Հայկական ԽՍՀ–ի կազմ հանձնելու հարցի դրական լուծման հադեպ«։

Մարզխորհրդի շենքը շրջապատած հազարավոր արցախցիներ ցնծությամբ ընդունեցին այդ որոշումը: Սկսվեց Արցախի հայ բնակչության ծանր ու երկարատև պայքարն ազատության համար:

  • Հիմնական գծերով ներկայացրե՛ք Արցախյան շարժման էությունը և սկզբնական փուլը։

Փետրվարի 25–26–ին Երևանում ցուցարարների թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի: Այդպիսի բան չէր եղել ԽՍՀՄ պատմության ողջ ընթացքում: Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում սկսված զանգվածային ելույթները անհանգստացրին ինչպես կենտրոնական, այնպես էլ հանրապետության կոմունիստական ղեկավարությանը: Խորհրդային Միության ղեկավար Մ. Գորբաչովը փետրվարի 26–ին
ուղերձ է հղում «Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին», որով կոչ է անում «ժողովուրդների իսկական եղբայրության և միասնության», իսկ հարցի լուծումը տեսնում է Ադրբեջանում ու Հայաստանում կուտակված տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ հիմնահարցերի լուծման մեջ:

  • Ի՞նչ գիտեք սումգայիթյան ոճրագործության մասին։ Ովքե՞ր էին կազմակերպել այն։ Գնահատե՛ք այդ ոճրագործությունը։

Այդ ծանր և անկանխատեսելի օրերին Սումգաիթ քաղաքում 1988 թ. փետրվարի 27–29–ին ոստիկանության և տեղական իշխանությունների լրիվ անգործության պայմաններում տեղի ունեցան հայ բնակչությանջարդեր՝ թուրքական վայրագության զազրելի կանոններով: Պաշտոնական տվյալներով զոհվել է 27 հայ: Հազարավոր մարդիկ դարձան փախստականներ: Այդ ջարդերը կազմակերպվել էին Արցախի հիմնախնդրի լուծումը կանխելու
նպատակով: Հայերը երեք օր թողնվել էին լրիվ անպաշտպան: Սումգայիթի բռնարարքը գնահատվում է որպես ցեղասպանություն։

Leave a comment